Ազատության հրապարակում իր առաջին հանրահավաքն է անցկացրել «Նախախորհրդարանը», որը հասարակական, քաղաքացիական նախաձեռնություն է, միավորում է տարբեր անհատների և հռչակել է ազգային-ազատագրական պայքար սկսելու մասին: Ներկայիս քաղաքական վակուումի պայմաններում կարելի է ասել, որ «Նախախորհրդարանը» հայտ է ներկայացնում քաղաքական ընդդիմության առաջատար նիշան զբաղեցնելու համար:
«Նախախորհրդարանը» խոստանում է ոչ միայն խոսել, այլ նաև գործել: Սակայն ներկայիս իրավիճակում այդ գործը դժվար պատկերացնելի է: Ընդհանրապես, ներկայումս ընդդիմադիր դաշտում մի իրավիճակ է, որը կարելի է բնորոշել «շիլաշփոթ» բառով: «Նախախորհրդարանը» սկսում է իր ակտիվ գործունեության շրջանը, Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր Հայաստան շարժում է փորձում կառուցել, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց հարաբերությունների ճշգրտման փուլում են, ՀՅԴ-ն անհասկանալի է, թե ինչ է անում ընտրություններից հետո, պարզ չէ, թե ինչ քաղաքական ուղեգիծ են որդեգրելու ընդդիմադիր դիրքերից հանդես եկող այն կուսակցությունները, որոնք բաց թողեցին և նախագահական, և երևանյան ընտրությունները:
Այս ամենով հանդերձ, գրեթե բոլորը հանդես են գալիս համախմբման կոչերով, սակայն ինչպես տեսնում ենք, իրավիճակը տրամագծորեն հակառակն է գործնական առումով: Եթե սրան էլ ավելացնում ենք փոխադարձ անվստահությունը, որ առկա է այս ուժերի մոտ, նրանց համակիրների միջև, ապա պատկերը դառնում է ամբողջական:
Հստակ է մի բան՝ այս իրավիճակը իդեալական է թացը չորի հետ խառնելու համար, ու ակնհայտ է, որ Հայաստանի, այսպես ասած, ընդդիմադիր քաղաքական դաշտում տեղի է ունենում հենց այդ գործընթացը՝ թացը խառնվում է չորի հետ և վառվում, կամ ավելի շուտ ծխում: Այդպես ստացվում է ընդամենը քաղաքական ծխածածկույթ, որի տակ արդեն տեղի են ունենում գործընթացներ, որոնցից հասարակությունը բացարձակապես տեղեկացված չէ, և որոնք հանրային սեփականություն են դառնում սովորաբար շատ ավելի ուշ:
Ինչպե՞ս է այս իրավիճակը հանգուցալուծվելու` կարծես թե ոչ ոք չգիտե: Խելոք մտքեր արտահայտողները շատ են, սակայն ինչքան շատ են խելոք մտքերը, այնքան խելքից հեռու է իրականությունը: Մի բան ակնհայտ է՝ Հայաստանում ավելի ու ավելի է հասունանում նոր ընդդիմադիր ուժի, նոր դեմքերի անհրաժեշտությունը: «Նախախորհրդարանի» «խաղադրույքը» ամենայն հավանականությամբ հենց դրա վրա է կատարվում, և սա հերթական հայտն է նոր ուժի:
Թե ինչ և ինչպես կստացվի այս ամենից` կերևա ժամանակի ընթացքում: Առայժմ կարող ենք արձանագրել, որ այսպես ասած փաստական առումով միայն առկա է այն, որ ավելանալու է մրցակցությունը ընդդիմադիր դաշտում: Առայժմ այդ մրցակցությունից զուտ տնտեսական կամ տնտեսագիտական էֆեկտ է ստացվում՝ էժանություն: Էժանանում են քաղաքական ուժերը, իսկ որակական առումով մրցակցությունն առայժմ էֆեկտ չի տվել:










































