Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում ի թիվս այլ խնդիրների, անդրադարձավ նաև կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշելով, որ տնտեսական կյանքում հավասար և մրցակցային պայմանների ապահովման և հովանավորչության վերացման ուղղությամբ պետք է աշխատանքներ կատարվեն և խաղի նոր կանոններ ստեղծվեն: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ նախագահի ուղերձը միտված է նոր կառավարման մոդելն ապահովող նոր միջավայրի ձևավորմանը:
«Այն, որ վիճակը վատ է, դա ակնհայտ է: Քաղաքական մեծամասնությունը հասկանում է, որ եթե շարունակեց այսպես, 2017-ին ձայներ չի ստանալու կամ քիչ է ստանալու: Դա նշանակում է ջանք ու եռանդ չպետք է խնայեին, որպեսզի կաշվից դուրս գային, դրական բարեփոխումներ կատարեին: Այսօրվա կառավարությունը դանդաղ և ոչ ադեկվատ է աշխատում: Կառավարությունը գնում է փոքրիկ հրդեհները մարելու ճանապարհով: Համակարգված աշխատանքի համար պետք է լուրջ քաղաքական պայմաններ ձևավորվեն»,- նշեց Միքայել Մելքումյանը,- 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ն էլ է հասկանում, որ պետք է լրջագույն արմատական փոփոխություններ անել, դա փաստ է. ինքն իր թշնամին չէ: Բայց նաև ես չեմ նախանձում իշխանությանը…»:
Մ. Մելքումյանի դիտարկմամբ՝ ունենք կենտրոնացված կառավարման մոդել, բուրգի վերևում ՀՀ նախագահն է. «Այս պահին դեռևս ուժեղ նախագահական ինստիտուտը կա, դեռևս երկու տարի ժամանակ կա, այնպես որ ես չեմ համարում, որ նրա խոսքը այդքան շուտ նոր վերնախավ ձևավորելուն է միտված, այլ բնական, անցումային փոփոխություններին է միտված»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































