Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է, որ «Չելսի»-ի ավագ Ջոն Թերին չի ընդգրկվի ազգային ընտրանու կազմում:
Ավելի վաղ Անգլիայի հավաքականում իր կարիերան ավարտեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդը: Այդ կապակցությամբ նշվում էր, որ հավաքական կարող է վերադառնալ Ջոն Թերին, սակայն Հոջսոնը հերքեց շրջանառվող լուրերը:
«Ջոնը զանգահարել է ինձ և մենք քննարկել ենք այդ հարցը: Նա ավարտել է կարիերան հավաքականում, ինչպես նաև Ռիոն: Եթե զգանք նրանց ծառայությունների կարիքը, անպայման կդիմենք: Ժամանակն է առաջ շարժվել»,- նշել է Հոջսոնը:
Հիշեցնենք` Անգլիայի հավաքականը Ուկրաինայի մրցակիցն է 2014 թվականի Մունդիալի ընտրական փուլում: Թիմերը խաղալու են սեպտեմբերի 10-ին: Ակնկալվում է, որ հանդիպումը կանցկացվի Լվովում:







































