ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) չունի փաստաթղթերով հիմնավորված վկայություններ կործանված այլմոլորակային տիեզերանավերի կամ զոհված այլմոլորակայինների մասին: Այս մասին հունիսի 1-ին հայտարարել է ՆԱՍԱ-ի տնօրեն Ջարեդ Այզեքմանը Վաշինգտոնում CNBC-ի CEO Council Summit համաժողովում:
Նրան հարցրել են՝ արդյոք մարդկությունը շփում ունեցել է այլմոլորակայինների հետ, և ինչ տվյալներ է ԱՄՆ կառավարությունը նախատեսում հրապարակել չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասին:
«Նախագահ (Դոնալդ Թրամփն) առաջ է տանում այս նախաձեռնությունն ամբողջ կառավարությունում. նա ասում է՝ հավաքեք ձեր ֆայլերը, ամենն, ինչը թեկուզ հեռավոր կերպով կապված է դրա հետ, և հրապարակեք, որպեսզի մարդիկ կարողանան որոշել ինքները: Եվ ես կարծում եմ, որ դա միանգամայն հիանալի նախաձեռնություն է: Բայց ես ոչ մի տվյալ չունեմ կործանված տիեզերանավերի կամ այլմոլորակայինների մարմինների մասին», – Այզեքմանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
«Սակայն, անկասկած, կան UAP-ի (խմբ.՝ չճանաչված օդային երևույթ) ֆայլեր այն մասին, ինչ մենք արձանագրում ենք, և մենք դրանք դարձնում ենք հասանելի», – հավելել է ՆԱՍԱ-ի ղեկավարը:









































