Ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնը Կաննի 66-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի շրջանակներում ներկայացրել է «Ընդամենը 17» (Jeune et jolie) նոր ֆիլմը:
Ֆիլմը երիտասարդ Իզաբելլայի (Մարին Վակտ) մասին է, որն անմեղությունը կորցնելուց հետո որոշում է փորձարկում կատարել և դառնում է մարմնավաճառ: Ֆիլմի գործողությունները ներառում են մեկ տարի և բաժանված են 4 եղանակների՝ ամռան, աշնան, ձմռան և գարնան: Տարվա յուրաքաչյուր եղանակը հերոսուհու կյանքում ավարտվում է անսպասելի իրադարձություններով և, իհարկե, ռոմանտիկ, ֆրանսիական երգերով:
«Ինձ վաղուց է հուզել մեծանալու թեման, և ես մտածեցի, որ վատ չէր լինի ֆիլմ նկարահանել այն մասին, թե ինչպես է ժամանակակից աղջիկն անցնում այդ շրջանը: Որոշեցի այն բաժանել 4 սեզոնի, որոնց համապատասխանում է 4 երգ»,- ասել է Օզոնը:
Նրա խոսքով՝ նա երկար է որոնել ֆիլմի գլխավոր դերակատարին: Վերջապես ընտրել է սկսնակ դերասանուհի Մարին Վակտին, որի համար Իզաբելլայի դերակատարումը դարձել է առաջին գլխավոր դերը կինոկարիերայում:
Չնայած ֆիլմի հիմնական թեման մարմնավաճառությունն է, Օզոնն ասել է, որ նա չի ցանկացել նկարահանել սոցիալական ֆիլմ: Նրա խոսքերով՝ «Ընդամենը 17» ֆիլմում հերոսուհին գումարի համար մարմնավաճառությամբ չի զբաղվում, այլ ցանկանում է փորձարկում անցկացնել իր մարմնի հետ:












































