ՈւԵՖԱ-ի գլխավոր գրասենյակում որոշվել է Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպումը սպասարկող անձնակազմը: Կազմակերպության պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ պորտուգալական «Բենֆիկա»-ի և անգլիական «Չելսի»-ի միջև Ամստերդամում կայանալիք հանդիպումը կդատի հոլանդացի մրցավար Բյորն Կյույպերսը:
40-ամյա մրցավարի համար սա 8-րդ հանդիպումը կլինի ընթացիկ եվրագավաթային մրցաշրջանում: Նախկինում Կյույպերսը 3 անգամ սպասարկել է «Չելսի»-ի մասնակցությամբ խաղերը՝ 2 անգամ արձանագրելով «արիստոկրատներ»-ի հաղթանակը: «Բենֆիկա»-ի հանդիպումները մրցավարը դատել է 2 անգամ: 2008 թվականին լիսաբոնյան թիմը պարտվել է «Նապոլի»-ին, իսկ 2011 թվականին զիջել է «Լիվերպուլ»-ին:










































