ԱՄՆ-ի պետական պարտքն իր առավելագույն սահմանին կհասնի մայիսին, սակայն պարտքերի սպասարկման խնդիրներ մինչև սեպտեմբեր չեն սպասվում: Ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն այս մասին հայտարարել է Լոնդոնում ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ «Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարների խորհրդակցության նախաշեմին:
«Պարտքն իր սահմանին կհասնի արդեն մի քանի օրից՝ մայիսի 18-ին, սակայն կապիտալի հոսքի շնորհիվ մենք կարող ենք կանխագուշակել, որ մինչև Աշխատանքի օրը մեզ մոտ ամեն ինչ կարգին կլինի»,- ասել է նախարարը:
Հունվարին ԱՄՆ Կոնգրեսը մինչև մայիսի 18-ը դադարեցրել է պետական պարտքի սահմանի մասին օրենքը, որը 16,4 տրիլիոն դոլար է կազմում: Հետևաբար, մայիսի 19-ին պետպարտքի նոր սահման կորոշվի:
Մի քանի ամիս շարունակ ներքին պահուստների շնորհիվ ԱՄՆ կառավարությունը կարող է գործել առանց նոր պարտքերի: Մասնավորապես, Հիփոթեքային վարկավորման գործակալությունը հայտարարել է, որ այս եռամսյակում ռեկորդային շահույթ է արձանագրել և 59,4 միլիոն դոլար բյուջե կվերադարձնի:
Լյուն հայտարարել է, որ Կոնգրեսը պետք է անմիջապես զբաղվի այս հարցով, քանի որ պետական պարտքի սահմանի որոշման հետ կապված ձգձգումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:










































