Նյու Դելին և Փարիզը երկուշաբթի ստորագրել են ֆրանսիական Rafale կործանիչների մատակարարման մասին միջկառավարական համաձայնագիր: Այս մասին հայտնում է Reuters-ը:
9 մլրդ դոլար գնահատվող գործարքը մի քանի ամսվա բանակցություներից հետո պետք է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հնդկաստան այցի կենտրոնական նպատակը լիներ: Սակայն Հնդկաստանի և Ֆրանսիայի ղեկավարներն ասել են, որ համաձայնագրի ֆինանսական մասի քննարկումը դեռ առջևում է:
Ֆրանսուա Օլանդը և Հնդկաստանի վարչապետ Նարդենդրա Մոդին հայտարարել են հետագա բանակցությունների անհրաժեշտության մասին՝ ավարտելու համար միջկառավարական գործարքը, որի մասին Հնդկաստանի ղեկավարը հայտարարել է անցած տարվա գարնանը Ֆրանսիա այցի ընթացքում:
Օլանդը Rafale կործանիչների մասին գործարքն անվանել է «վճռական քայլ»՝ ավելացնելով. «Դեռ մնում են ֆինանսական հարցեր, որոնք կհարթվեն մի քանի օրում»:










































