Այն, որ ամեն օր խոսակցություններ են շրջանառվում այս կամ այն ֆուտբոլիստի որևէ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ, բացարձակ զարմանալի չէ, մանավանդ այս օրերին, երբ բաց է ձմեռային տրանսֆերային պատուհանը: Ներկայացնենք այսօր շրջանառվող մի քանի հետաքրքիր տրանսֆերային խոսակցություն:
Բրիտանական «Daily Mail»-ը գրում է, որ Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրվում է «Էվերթոն»-ի պաշտպան Ջոն Սթոունզի ծառայություններով: Աղբյուրի տեղեկություններով՝ չնայած նրան, որ իր ծառայություններով հետաքրքրված են «Չելսի»-ին, «Բարսելոնա»-ն ու «Սիթի»-ն՝ Անգլիայի հավաքականի 21-ամյա պաշտպանը ցանկանում է կարիերան շարունակել «արքայական» ակումբում: Իսկ ահա իսպանական «Marca»-ն «Ռեալ»-ի հետաքրքրությունների մասին գրում է, որ թիմը պատրաստվում է ձեռք բերել «Շալկե»-ի հարձակվողական կիսապաշտպան Լերոյ Սանեի իրավունքները, որի համար արդեն իսկ առաջարկ է արել գերմանական թիմին: Նշվում է, որ Սանեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնա»-ն, «Սիթի»-ն, «Լիվերպուլ»-ն ու «Արսենալ»-ը:
«Daily Mail»-ն անդրադարձել է նաև Լոնդոնի «Արսենալ»-ի տրանսֆերային նպատակներին: Կայքը գրում է, որ լոնդոնյան ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Լեսթեր»-ի եզրային պաշտպան Բեն Չիլուելը, ում տրանսֆերի դիմաց Արսեն Վենգերի թիմը պատրաստ է հատկացնել 5 միլիոն ֆունտ:
«Sky Sport Italia»-ն գրում է, որ լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Չելսի»-ն, ցանկանում է իր կազմում տեսնել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի կիսապաշտպան Էզեկել Լավեսիին, ում ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտեր»-ը: Աղբյուրը պնդում է, որ Մառախլապատ Ալբիոնում պատրաստ են տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ տալ Լավեսիին:
Իսկ ահա Դոնեցկի «Շախտյոր»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Ալեքս Տեյշեյրան շարունակում է ամեն օր խոսել այն մասին, որ առաջիկայում փոխելու է ակումբային գրանցումը: «Globo»-ի հետ անցկացրած հարցազրույցի ժամանակ ֆուտբոլիստը կրկին շեշտել է, որ ցանկանում է հեռանալ ուկրաինական թիմից. «Ես ուզում եմ հեռանալ «Շախտյոր»-ից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ու դրա մասին ասել եմ ղեկավարությանը: «Շախտյոր»-ը լավ առաջարկ է ստացել, ու հիմա քննարկման փուլում է այն: Եթե նույնիսկ հիմա մնամ, ապա ամռանը միանշանակ հեռանալու եմ: Այս մասին արդեն խոսել եմ ընտանիքիս հետ. նրանք համաձայն են»:






































