Պետեկամուտների նախարար Գագիկ Խաչատրյանը միանգամից գրեթե կրկնակի ընդլայնեց բիզնեսը, երբ իմացավ, որ շարունակելու է պաշտոնավարումը: Այս շաբաթ նա կրկնակի ավելացրել է Ալավերդյան փողոցում գտնվող իր «Նոր Զովք» մթերային խանութի տարածքը:
Խանութում ավելացել էր պատրաստի ճաշատեսակի ևս մի բաժին:
«Առաջին լրատվական»-ի լրագրողը տեսել է, թե ինչպես այդ պատրաստի ճաշատեսակների մոտ կանգնած՝ նույն «Նոր Զովքի» աշխատողը գլուխը ծռած՝ խեղճ-խեղճ նայում է ուզբեկական փլավին:
«Ուխ, ուզբեկական փլավ է, մեր սարքածն է, համով կլինի: Բայց եթե մեր «պերերիվն» այստեղից առնենք, դա մեր ամբողջ աշխատավարձը կարժենա»,- խեղճացած ասաց նա:
Մեր լրագրողի հարցին՝ այդքան քիչ աշխատավա՞րձ եք ստանում, ամսական վարձավճարը գոնե 100 հազար դրամի չի՞ հասնում, աշխատողը գլուխը ծռել է և ասել՝ նայած:
Փաստորեն աստղաբաշխական հարստության տեր, անթիվ-անհամար բիզնեսներ ունեցող, Հայաստանի ստվերային եկամուտները համակարգող ու դրանցից մեծ բաժին ունեցող Գ. Խաչատրյանն իր աշխատողներին այնքան աշխատավարձ չի տալիս, որ կարողանան քիչ թե շատ մարդավայել սնվել, կամ գոնե իր իսկ արտադրություններում պատրաստվող սննդից գոնե ընդմիջման համար բաժին չի հանում, որ նրանք այդպես ստորացված չնայեն փլավների վրա:










































