Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի 31-ամյա դարպասապահ Դիեգո Լոպեսը, ով այժմ Իկեր Կասիլյասի փոխարեն տեղ է գտել «Արքայական ակումբ»-ի հիմնական կազմում, կարող է հրավիրվել Իսպանիայի հավաքական Կոնֆեդերացիայի Գավաթի խաղարկության հանդիպումներին մասնակցելու համար:
Ազգային ընտրանու կազմում Լոպեսը կարող է փոխարինել «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսին, ում առողջական վիճակն անհանգստացնում է հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին: Վալդեսը ոտքի վնասվածքի պատճառով ստիված է եղել բաց թողնել «Բետիս»-ի դեմ հանդիպումը, և դեռևս չի վերսկսել մարզումները: Մասնագետը պատրաստվում է Բրազիլիայում կայանալիք մրցաշարին հայտագրված թիմի կազմը հրապարակել մայիսի 27-ին:
Վերջին անգամ Դիեգոն հրավիրվել է ազգային հավաքական 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում:









































