Պակիստանում մայիսի 11-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների անվտանգությունը կապահովեն 27 հազար զինծառայողներ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման տվյալներ է հրապարակել Պակիստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
ԿԸՀ-ի ներկայացուցիչը նշել է, որ ընտրություններից առաջ և մինչ քվեարկության ընթացակարգի ավարտը ընտրատեղամասերում, որոնցում ավելի մեծ է ծայրահեղականների հարձակման վտանգը, մշտապես կլինեն մի քանի զինված զինծառայողներ:
Պակիստանի զինված ուժերն արդեն մասնակցում են համընդհանուր խորհրդարանական ընտրությունների նախապատրաստություններին: Երկրի ցամաքային զորքերի զինծառայողները պահպանում են մայրաքաղաք Իսլամաբադի և երկրի այլ բնակավայրերի կարգուկանոնը, իսկ ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ուղղաթիռները քվեաթերթիկներ են տեղափոխում դժվար հասանելի ընտրատեղամասեր:
Պակիստանում այս օրերին ուժեղանում է ահաբեկչական ակտիվությունը: Երկրում գործող «Թալիբան» շարժման ծայրահեղականները գալիք քվեարկությունն անվանել են «հակաիսլամական» և խոստացել իսկական որս կազմակերպել թեկնածուների և նրանց կողմնակիցների դեմ:










































