Երկուշաբթի օրը Վատիկանում Շվեյցարիայի նախագահ Ուլի Մաուրերայի ներկայությամբ երդվել են շվեյցարական գվարդիայի նորակոչիկները:
Սուրբ գահի պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեն պատարագ է մատուցել 35 նորակոչիկների, նրանց հարազատների և մտերիմների համար, որից հետո նրանց ընդունել է Ֆրանցիսկոս I-ը:
Դիմելով նորակոչիկներին՝ Պապը հիշեցրել է, որ գվարդիականների Հռոմում գտնվելու ժամանակ նրանք պետք է վկայեն իրենց հավատքի մասին, որը կարևոր է Վատիկան այցելող շատ մարդկանց, Սուրբ գահի համար աշխատողների և հենց Պապի համար: Նա գվարդիականներին կոչ է արել ցանկացած իրավիճակոմ տղամարդ և քրիստոնյա լինել:
Բոլոր 35 նորակոչիկներն էլ Շվեյցարիայի քաղաքացիներ, միջնակարգ կրթությամբ և լավ հեղինակությամբ կաթոլիկներ են, նրանց տարիքը տատանվում է 19-30 տարեկանի միջև, հասակը՝ 174 սմ-ից բարձր է: Գվարդիականները տարբեր լեզուների են տիրապետում, սակայն նրանք կշփվեն միայն գերմաներենով, որը 110 գվարդիականներից բաղկացած աշխարհի ամենափոքր բանակում պաշտոնական է համարվում:








































