Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական մեքենայությունների, կոռուպցիոն գործարքների մասին փաստերը ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպությունն արդեն ուղարկել է ՌԴ համապատասխան մարմիններին, այդ թվում՝ այդ երկրի նախագահ Պուտինին: Փաստաթղթերի մի մասի արդյունքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում հայտնվել է մի գործ, որը կապ ունի հենց Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Մասնավորապես Դատախազության վարույթում փաստաթղթեր են, որոնցում ներկայացված են փաստեր խոշոր բիզնեսում ՀՀ նախկին նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբերյալ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն տեղեկացրեց, որ իրենք դեռևս սպասում են ՌԴ դատախազության պատասխանին՝ արդյոք այդ փաստերին ընթացք կտա՞ն, թե՞ ոչ:
«Մենք դեռևս դատախազությունից պատասխան չունենք, այն կլինի առաջիկա օրերին: Վստահ եմ, որ պաշտոնապես պատասխան կստանանք մինչև մայիսի 13-ը, ուստի իրավիճակը հնարավոր կլինի բնորոշել մայիսի 13-ին»,- ասաց Մարինա Գալյուչենկոն:
Հիշեցնենք, որ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպությունը Հայաստանում համագործակցում է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի նախաձեռնած «Հակակոռուպցիոն կենտրոնի» հետ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Մարինա Գալյուչենկոն, իրենք բարձր են գնահատում հայաստանյան կառույցի գործունեությունը, որը մի քանի ամիս է, ինչ գործում է, բայց հասցրել է մեծ օգուտ տալ: Իսկ Քոչարյանի գործունեության մասին փաստաթղթերը ռուսաստանյան կենտրոնի մոտ են հայտնվել Հայաստանից՝ «Հակակոռուպցիոն կենտրոնից»:









































