Տեխասում Պարարտանյութերի գործարանի սեփականատերերը, որտեղ ապրիլի կեսին տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել էր շուրջ 140 տուն, իրենց սեփականությունը ապահովագրել էին ընդամենը 1 մլն դոլարով՝ գրում է Huffington Post-ը:
Ապրիլի 17-ի գիշերը տեղի ունեցած պայթյունը հողին էր հավասարեցրել գործարանը: Մահացել էր առնվազն 14 մարդ, ավելի քան 200-ը ստացել էին վնասվածքներ: Վնասի չափը գնահատվում է մոտ 100 մլն դոլար: Կատարվածի պատճառը դեռ հայտնի չէ:
«Անբավարար ապահովագրությունը բացարձակապես տեղավորվում է այն անպատասխանատվության շրջանակներում, որը մենք տեսնում ենք ձեռնարկությունում»,- պարբերականը մեջբերում է փաստաբան Ռենդի Ռոբերթսի խոսքերը, որը ներկայացնում է պայթյուններից տուժածների շահերը:
Նրա կարծիքով՝ գործարանի սեփականատերը դատարանին կխնդրի այդ 1 մլն դոլարը բաժանել հայցվորների միջև, ապա կհայտարարի սնանկության մասին:









































