Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների խզումը կարող է Էր-Ռիադին վիթխարի վնաս հասցնել՝ Մեքքա ուխտագնացություններից իրանցիների հնարավոր հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Հաղորդվում է, որ ամեն տարի Սաուդյան Արաբիա հաջի է ուղևորվում մոտ 100 հազար իրանցի, ևս 500 հազար մարդ փոքր ուխտագնացություն (ումրա) է կատարում։ Իրանցիների մասնաբաժինն ուխտավորների շարքում կազմում է մոտ 5 տոկոս։
2014 թվականին հաջն ու ումրան Էր-Ռիադի բյուջե են բերել մոտ 18.6 մլրդ դոլար, ինչը համարժեք է նավթի վաճառքից երկրի եկամտի 10 տոկոսին։ Սաուդցի տնտեսագետների հաշվարկներով՝ յուրաքանչյուր օտարերկրացի ուխտավոր երկրում իր այցի ընթացքում ծախսում է մոտ 5000 դոլար։
Այսպիսով՝ հաջից իրանցիների հրաժարվելը կարող է Սաուդյան Արաբիային արժենալ 3 մլրդ դոլար։
Հաջից հրաժարվելու հարցը չի բարձրացել երկու երկրների միջև ճգնաժամի ընթացքում, սակայն կողմերի միջև գործում է վիզային ռեժիմ, իսկ վիզաների ստացման հարցը դեսպանատների փակումից հետո անհայտ է մնում։









































