Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին զայրացրել են ակումբի ղեկավարության գործողությունները, ինչի մասին մասնագետը հայտնել է իր մտերիմներին:
Երբ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է մարզչին աշխատանքից հեռացնելու մասին, նրան այդ մասին պաշտոնապես չեն տեղեկացրել: Հունվարի 4-ի երեկոյան Բենիտեսին հայտնել են, որ դեռ որոշում չի կայացվել, սակայն խնդրել են «Սանտիագո Բեռնաբեու» գալ:
Սակայն մասնագետը խուսափել է լրագրողների հետ հանդիպումից և չի ներկայացել: Ռաֆային զարմացրել է այն փաստը, որ մարզադաշտում ներկա է եղել Զինեդին Զիդանը, ում էլ իր փոխարեն նշանակել են «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Եվս մեկ տգեղ արարք իմ նկատմամբ»,- Marca-ն մեջբերում է Բենիտեսի խոսքերը:
Բացի այդ Ռաֆան հայտարարել է, որ «արքայական ակումբ»-ի ղեկավարներն իրեն խնդրել են պատժել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին և հարձակվող Խեսե Ռոդրիգեսին, ինչն իրենք չեն համարձակվել անել: Բենիտեսը նշել էր, որ այդ պայմաններում աշխատել հնարավոր չէր:










































