Հնագետները 220 տարվա վաղեմության երկաթուղային թունել են հայտնաբերել: Ենթադրվում է, որ այն աշխարհի ամենահին թունելն է: Ֆիչլի թունելը գտնվում է անգլիական Դերբիշիր կոմսության Քրիչ գյուղում: Մասնագետները կարծում են, որ այն կարող է վերագրվել 1793 թվականին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Նոր հայտնաբերված թունելը երկու տարով մեծ է նախորդ ռեկորդակրից:
Հայտնագործությունն արվել է, երբ ներկայում չգործող երկաթգծի ուղին դեմ է առել դրան: Ենթադրվում է, որ այն կիրառվել է արդյունաբերողների կողմից կրաքարը դեպի երկաթաձուլական գործարան տեղափոխելու համար:
Թունելը գրեթե անհետացել էր, երբ նախկին կալվածատերը քարակերտ դիզայնով այգի էր կառուցել՝ 1977-ին փակելով թունելի մուտքը: Հնագետները պեղումները սկսել էին հունվարին: Ծանր տեխնիկայի գործադրմամբ նրանք 3 մետր փորել էին գետինը: Թունելը միացված է տեղի խոշոր ինժեներական Butterley Company-ի կառուցած Butterley Gangroad երկաթուղուն, որը կառուցվել է 1793-ին:
Լազերային սքանավորման արդյունքում հնարավոր է եղել ստեղծել թունելի ներսի եռաչափ համակարգչային մոդելը: Երբ 2014-ի սեպտեմբերին ուսումնասիրման աշխատանքներն ավարտվեն, գիտնականները մտադիր են կրկին կնքել թունելի մուտքը՝ պահպանելու այն հաջորդ սերունդների համար:









































