Վուդի Ալենը Քոլին Ֆերթին առաջարկել է ստանձնել գլխավոր դերը իր հաջորդ ֆիլմում՝ հաղորդում է Deadline-ը:
Ենթադրվում է, որ ֆիլմի նկարահանումները, որը դեռևս չունի պաշտոնական անվանում, տեղի կունենան Ֆրանսիայի հարավում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կնոջ գլխավոր դերին հավակնում է Էմմա Սթոունը («Աղախին»՝ THE HELP, «Նոր սարդ-մարդ»՝ THE AMAZING SPIDER-MAN): Դեռևս տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչ կերպարներ պետք է մարմնավորեն Ֆերթը և Սթոունը:
Ալենի վերջին ռեժիսորական աշխատանքն այժմ «Կապույտ հասմիկ» (Blue Jasmine) դրաման է, որի գլխավոր դերակատարներն են Ալեք Բոդուինը և Քեյթ Բլանշետը: ԱՄՆ-ում ֆիլմը վարձույթի կհանվի 2013թ. հուլիսին:
Քոլին Ֆերթը մոտակա ժամանակներս մտադիր է նկարահանվել երկու կենսագրական ֆիլմերում՝ «Հանճարը», որը խմբագիր Մակսվել Փերքինսի մասին է, ով համագործակցել է Թոմ Վուլֆի, Էռնեստ Հեմինգուեյի և Ֆրենսիս Սկոթ Ֆիցջերալդի հետ: Երկրորդ ֆիլմը, որը կոչվում է «Նիհար և կատու» (SKINNY AND CAT), նվիրված է լուսանկարիչ Մարգարետ Բուրք Ուայթի և գրող Էրսկին Քոլդուելի փոխհարաբերություններին: Ֆիլմի բեմադրիչը Բարբարա Սթերյզանդն է:










































