Այս շաբաթ Թուրքիան և Ճապոնիան կստորագրեն միջկառավարական համաձայնագիր Թուրքիայում երկրորդ ատոմային էլեկտրակայանի շինարարության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Zaman թերթը:
Ինչպես հաղորդվում է, համաձայնագիրը կստորագրվի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամանակ: Հաղորդվում է նաև, որ երկրորդ ԱԷԿ-ի շինարարությունը, որը ծրագրվում է Սինոպ շրջանում, կարժենա 20-22 միլիարդ դոլար: Այն կկառուցի ճապոնական Mitsubishi ընկերությունը՝ ֆրանսիական GDF Suez-ի հետ կոնսորցիումով, սակայն նախագծի օպերատորը կլինի ճապոնական ընկերությունը:
Ծրագրվում է, որ նոր ատոմակայանը կազմված կլինի 4.5-5 հազար մեգավատտ ընդհանուր հզորությամբ 4 էներգաբլոկներից:
ԱԷԿ-ի շինարարությունը կսկսվի 2017 թվականին, իսկ 2023-ին այն արդեն էլեկտրաէներգիա կարտադրի:
Սինոպում ԱԷԿ-ի շինարարության մրցույթին Ճապոնիայից բացի՝ մասնակցել են նաև Կանադան, Չինաստանը և Հարավային Կորեան:
Թուրքիայում առաջին ԱԷԿ-ը՝ «Ակկույուն», կկառուցվի ռուսական նախագծով: Շինարարության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականի մայիսին: