Ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ են դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգեցին մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը։
Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտել են ցուցանմուշները։
Պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան գրառում կատարեց հուշամատյանում. «Շատ կարեւոր է, որ մենք բոլորս՝ քաղաքական գործիչներն այնպես անեն, որպեսզի երբեւէ նման բան տեղի չունենա։ Նրանք, ովքեր մոռանում են պատմությունը՝ դատապարտված են կրկին սխալներ թույլ տալու»։
Մարտին Քալանան իր տպավորությունները կիսելով լրագրողների հետ, նշել է. «Սարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել։ Ժամանակակից քաղաքականության համար կարեւոր է, որ մենք դասեր քաղենք այն ամենից, ինչ տեղի է ունեցել անցյալում, որպեսզի նման բաներ չկրկնվեն»։









































