Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, Սիրիայում մարտի 19-ին առաջին անգամ կիրառվել է քիմիական զենք: Դեռևս չի պարզվել, թե հակամարտող կողմերից որի՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության կողմից է օգտագործվել զենքը։ Երկու օր առաջ էլ Իսրայելի բանակի բարձրաստիճան սպան Սիրիայի իշխանություններին մեղադրել էր ապստամբների դեմ զարին գազ կիրառելու մեջ: Ինչպես հայտնի է, զարին գազն ազդում է մարդու նյարդային համակարգի վրա: Այդ տվյալները հաստատել է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը, իսկ նախօերին ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, հղում կատարելով ամերիկյան հետախուզության տվյալների վրա, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները բավականին հավաստի տվյալներ ունեն, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել, սակայն դրա համար դեռ ապացույցներ են պետք:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանն ասաց, որ ինքը լավ տեղյակ չէ, թե նման զենք իսկապես կիրառվել է, թե ոչ, բայց հաստատ կարող է ասել, որ հայաշատ, քրիստոնեաբնակ թաղամասերում նման նյութերով լիցքավորված զենք չի կիրառվել, նման հրթիռներից հայեր չեն տուժել: Ըստ Ժիրայր Ռայիսյանի՝ ինչպես որ նախկինում էր վիճակը Սիրիայի Հալեպ քաղաքում, այնպես էլ շարունակվում է՝ մի շարք շրջաններում բախումներ են տեղի ունենում, որոշ շրջաններում՝ թեժ, որոշներում՝ ոչ այնքան:
«Մեկ ժամ առաջ Սուլեյմանիե քրիստոնեաբնակ շրջանում մի քանի ռումբ է ընկել: Կարծես վիրավորներ կան, բայց չգիտեմ հստակ տվյալներ. ասում են, թե հատուկ հրթիռներ են ընկածները: Ավելի ուշ այս մասին ավելի պարզ տեղեկատվություն կունենանք»,- ասաց Ժիրայր Ռայիսյանը:
Անդրադառնալով Հալեպում երկու տարիների ընթացքում սովորական դարձած առևանգումներին՝ նա ասաց, որ վերջին օրերի ամենալուրջ մտահոգությունը հոգևոր երկու առաջնորդների՝ Հալեպում սիրիական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Գրիգորիուս Յոհաննա Իբրահիմի և Հույն ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Պավել Յազիգինի առևանգումն էր:
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու էին առևանգվել քրիստոնեական եղեկեցու երկու եպիսկոպոսները։ Վերջիններս հարևան երկրից Հալեպ վերադառնալիս էին եղել։








































