Ապրիլի 29-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Պոլ Մայլերին (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մայլերը նշել է, որ Ավստրալիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը և հավաստիացրեց, որ բոլոր ջանքերը կներդնի հայ-ավստրալիական բարեկամությունն էլ ավելի խորացնելու համար: Դեսպան Մայլերը կարևորել է անցած տարի ՀՀ ԱԳ նախարարի Ավստրալիա կատարած այցելությունը և այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց իրագործումը թույլ կտա ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերին:
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այդ համատեքստում Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ:










































