«Վստահ եմ, որ մայիսի 5-ին միակ վերկուսակցական դաշինքը՝ «Բարև Երևանը», հաղթելու է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Թևակոխել ենք վերջին շաբաթը: Այս շաբաթ «Բարև Հայաստան» համազգային շարժման ամենաարդիական հանգրվանն է, այսօր կշարունակեմ լինել «Բարև Երևան» դաշինքի բոլոր համայնքների հանդիպմանը: Ես վստահ եմ, որ միակ վերկուսակցական դաշինքը իր հաջողությունը կգրանցի մայիսի 5-ին, երբ մենք ունենանք այնպիսի Սահմանադրություն, որ քաղաքապետը ընտրության միջոցով կընտրվի: Ես խնդիր չունեմ իմ քվեն տալու Վ. Խաչատրյանին կամ Ռուստամյանին, բայց սա ավելին է, քան կուսակցական պայքարը: «Բարև Երևանը» միակն է, որ վերկուսակցական է: Ես առանց ավելորդ ածականների՝ հավատում եմ «Բարև Երևանի» հաղթանակին»,- նշեց նա:
Հովհաննիսյանը հավելեց, որ զարմանում է այն ոչինչ չարած մարդկանց վրա, ովքեր փետրվարի 18-ին ոչինչ չանելով՝ հիմա նստած գնահատականներ են տալիս. «Սա վերաբերում է նաև Երևանի քաղաքապետի հավակնորդ թեկնածուին, ով գնահատում է իմ ձեռքսեղմումը Արմեն Մարտիրոսյանին կամ մյուս ազգային հերոսներին: Ես պարզ հիշում եմ, թե ով ինչ էր ասում՝ քաղտեխնոլոգ կամ սոցհարցում անցկացնող, մի փոքր պարկեշտ եղեք»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































