Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հանդես է եկել ԵՄ-ի կողմից Հունաստանին և Կիպրոսին ֆինանսական օգնություն ցուցաբերելու դեմ, նաև կտրուկ քննադատության է ենթարկել ԵՄ-ի, իր կարծիքով, «աբսուրդային» կարգավորումները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ավստրիական Profil շաբաթաթերթին տված հարցազրույցում, որը տպագրվում է երկուշաբթի, Չեխիայի ղեկավարը հայտարարել է, որ ոչ նպատակահարմար է համարում Հունաստանին և Կիպրոսին ֆինանսական օգնություն տրամադրելը: «Չեմ կարող պատկերացնել, որ ֆինանսների չեխ նախարարը համաձայնի Կիպրոսի կամ Հունաստանի օգնության հետ»,- ասել է Զեմանը:
Չեխիայի առաջնորդը հերթական անգամ հաստատել է, որ Պրահան մտադիր է եվրո ներմուծել առաջիկա 5 տարվա ընթացքում:
Նա կարծում է, որ եվրոպացի պաշտոնյաները Բրյուսելում չպետք է զբաղվեն միանգամայն աբսուրդային կարգավորումներով՝ լիկյորներում շաքարավազի պարունակության պահպանմամբ, այն հարցով, թե ինչպիսին պետք է լինեն ԵՄ-ի լամպերը, չպետք է զբաղվեն ԵՄ-ի ծխող բնակիչներով, սիգարետների համային հավելումներով:
«Նախկինում իմ սիրելի ըմպելիքը Becherovka-ն էր, քանի դեռ ԵՄ-ն նորմ չէր սահմանել լիկյորներում շաքարավազի պարունակության վրա: Դրանից հետո ես խմում եմ միայն Slivovice»,- նշել է Զեմանը:








































