Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բարսելոնա»-ի հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր սաներին ոգեշնչել է աշխարհահռչակ ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնի խոսքերով.
«Ես իմ խաղացողներին ասել եմ հետևյալը. գոյություն ուներ Ալբերտ անունով մի մարդ` Ալբերտ Էյնշտեյնը: Մի անգամ նա նշել է, որ աշխարհում գոյություն ունի առավել հզոր ուժ, քան էլեկտրականությունն ու ատոմային էներգիան: Դա մարդու կամքն է, որի օգնությամբ կարելի է հասնել ամեն ինչի»:
Բացի այդ, Մոուրինյոն հայտարարել է, որ չունի «Բարսելոնա»-ին հաղթելու կախարդական բանաձև. «Ես շարունակում եմ մնալ այն նույն մարզիչը, որը «Նոու Քամպ» մարզադաշտում 0:5 հաշվով զիջեց «Բարսելոնա»-ին: Դրանից հետո մենք երկու հաջող խաղ անցկացրեցինք «Բարսելոնա»-ի դեմ Իսպանիայի առաջնությունում (1:1) ու գավաթի եզրափակիչում (1:0):
Այս անգամ այլ խաղ է լինելու, ամեն ինչ կարող է պատահել: Չեմպիոնների լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում չեն կարող լինել ֆավորիտներ»:






































