Եվրոպական հատուկ գործողության ընթացքում բացահայտվել է միջազգային ահաբեկչական նոր խմբավորում։ Այս մասին հայտնել են իտալացի քննիչները՝ խոսելով գործողության արդյունքների մասին, որի ընթացքում այսօր Իտալիայում և Հյուսիսային Եվրոպայի երկրներում ձերբակալվել է 17 մարդ, ովքեր մասնակից են միջազգային ահաբեկչությանը։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Այդ խմբավորման համակարգողներից մեկը գործել է Մերանոյում (քաղաք Ապենինների հյուսիս-արևելքում)։ «Խոսքը նոր ահաբեկչական կազմակերպության մասին է՝ կապված ԴԱԻՇ-ի, ինչպես նաև Նորվեգիայի բանտում գտնվող իսլամական քարոզչի հետ, ով հայտնի է որպես մոլլա Կրեկար: Նա 2001 թվականին հիմնադրել է «Անսար Ալ-Իսլամ» խմբավորումը»,- ասել են քննիչները Հռոմում մամլո ասուլիսի ժամանակ։
Ահաբեկիչներն ակտիվորեն օգտագործել են համացանցը ԴԱԻՇ-ի գաղափարների տարածման համար։
Իտալիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում անցկացված գործողության համակարգմամբ զբաղվել է ԵՄ Eurojust գործակալությունը։








































