Տուլայում հայկական ավտոբուսի վթարից տուժածների կյանքին, ովքեր նոյեմբերի 5-ին տեղափոխվեցին Հայաստան, որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով տուժածներին և զոհերի աճյունները տեղափոխող օդանավով Տուլայից ժամանել է Հայաստան:
«Վիրավորները հիմնականում ստացել են գանգուղեղային տրավմաներ, ողնաշարի կոտրվածքներ, նաև կոնքի կոտրվածքներ: Կային նաև պատռված բաց վերքերով կոտրվածքներ»,-տեղեկացրեց նախարարը: Տուժածների տեղափոխման որոշումը, նրա խոսքով, միանձնյա չի կայացվել. այդ հարցում համամիտ են եղել ինչպես նրանց բուժող բժիշկները, այնպես էլ իրենք` տուժածները: Ռուսաստանում տուժածների բուժօգնության ֆինանսական ծախսն իր վրա է վերցրել ՌԴ առողջապահության նախարարությունը, իսկ Հայաստանում` ՀՀ առողջապահության նախարարությունը: Ինչպես օդանավում, այնպես էլ օդանավակայում եղել են հոգեբաններ, և բոլոր այն քաղաքացիները, ովքեր բուժումը շարունակելու անհրաժեշտություն ունեին, Երևանում հիվանդանոց են տեղափոխվել: Տասներկու տուժածներ շարունակում են մնալ Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում: ՀՀ առողջապահության փոխնախարարը դեռևս Տուլայում է և պարեբարաբար տեղեկություններ է հաղորդում նրանց առողջական վիճակի մասին:
Ռուսաստանում մնացած հիվանդներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից մեկին այսօր վիրահատել են: Այնտեղ բոլոր հիվանդները գտնվում են խիստ հսկողության ներքո:










































