Աշխարհում բոլոր փախստականների մոտ 60%-ը ապրում է քաղաքներում: Այսպիսի եզրակացություն է արել Փրկության միջազգային կոմիտեի (IRC) ղեկավար Դևիդ Միլիբենդը Associated Press-ին տված հարցազրույցում:
«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ դա կայուն միտում է, ոչ թե վերջին հերթին աշխարհում ընդհանուր իրավիճակի պատճառով»,- հայտարարել է Միլիբենդը:
Մոտ 40 պետություններ իրենց քաղաքացիների համար չեն ապահովում տարրական կենսապայմաններ, նաև չեն կարողանում վերջ տալ էթնիկ, քաղաքական և կրոնական սկզբունքներով տարաձայնություններին՝ նշել է IRC-ի ղեկավարը: Միգրացիոն ճգնաժամի առաջացման հիմնական պատասխանատվությունն ընկած է «միջազգային քաղաքական համակարգի վրա, որը դարձել է ավելի թույլ և ավելի պառակտված, քան երբևէ՝ սկսած սառը պատերազմի ավարտի ժամանակներից»՝ կարծում է Միլիբենդը:
Կոմիտեի տվյալներով՝ աշխարհում կան 20 մլն փախստական, ևս 40 մլն ապաստան խնդրող և ներքին տեղահանված: Բացի դրանից՝ մոտ 200 մլն-ը ձգտում է տնտեսապես ավելի բարեկեցիկ կենսապայմանների՝ որպես ներգաղթյալ և արտագաղթյալ:









































