Այսօր Իրանում տեղի ժամանակով ժամը 16.22-ին տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է «Բուշեհր» ատոմակայանից մոտ 100 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա: Ավելի ուշ գրանցվել է մի քանի ցնցում ավելի քան 5 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի հետևանքով Իրանի Կակի քաղաքում զոհվել է երեք մարդ, հաղորդում է FARS գործակալությունը:
ISNA գործակալության տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ ավերվել է Բաղան գյուղը, որտեղ վիրավորվել է շուրջ 500 մարդ: Նրանցից 50-ի վիճակը գնահատվում է որպես ծանր:
Ըստ այդ տեղեկատվության՝ փլուզվել է լեռ, որի բեկորները ընկել են Շոմբե քաղաքի վրա: Հաղորդվում է, որ ամենաուժեղ ավերածությունները տեղի են ունեցել հենց այս քաղաքում:
Երկրաշարժը չի ազդել ատոմակայանի աշխատանքի վրա:








































