Բելգրադից 60 կմ հարավ ընկած սերբական Վելիկա Իվանչա գյուղի բնակիչն այսօր վաղ առավոտյան 13 մարդու է սպանել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով սերբական հեռուստատեսությանը:
Բոլոր սպանվածները՝ 6 տղամարդ, 6 կին և մեկ փոքրիկ երեխա, եղել են 62-ամյա Լյուբիշ Բոգդանովիչի հարևանները: Հանցագործությունն իրականացնելուց հետո տղամարդը փորձել է կրակել իր կնոջ վրա, այնուհետև վերջ դնել սեփական կյանքին: Նրանք երկուսն էլ ծանր վիճակով հոսպիտալացվել են:
Հաղորդվում է, որ Բոգդանովիչը հրազենի թույլտվություն է ունեցել և մինչ այդ օրենքի հետ խնդիր չի ունեցել: Ոստիկանությունը պարզում է ողբերգության հանգամանքները:









































