Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ինքն իր մասնակցությունն ունենալու է հանրաքվեի շտաբի աշխատանքներին, և դա հարց չէ: Աբրահամյանը ըստ էության առաջին անգամ է հայտարարում, որ իր մասնակցությունն ունենալու է սահմանադրական փոփոխություններին:
Տեղեկությունը, որ նա նշանակվելու է Հանրաքվեի շտաբի պետ, հրապարակվել է ամիսներ առաջ, երբ հստակեցվեցին փոփոխություններն ու հայեցակարգը: Սակայն ամիսներ շարունակ Հովիկ Աբրահամյանը որևէ առիթով չհայտարարեց իր մասնակցության մասին: Ամենայն հավանականությամբ, Աբրահամյանը դիմադրում էր այդ հեռանկարին՝ հասկանալով, որ ըստ էության իր վրա է դրվում ահռելի պատասխանատվություն, որը ավելացնելով տնտեսական խնդիրների պատասխանատվությանը՝ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ըստ էության գցում էր գրեթե անելանելի փոսի մեջ:
Միևնույն ժամանակ Աբրահամյանին շտաբի պետ նշանակելու մտադրության առումով Սերժ Սարգսյանի մոտիվացիան բավական պարզ էր: Հովիկ Աբրահամյանը հավակնում էր և մինչև հիմա էլ թերևս հավակնում է լինել նախագահական պաշտոնի ժառանգորդը, ապագա Առաջին դեմքը: Սա նշանակում է, որ սահմանադրական փոփոխությունները այդքան էլ նրա սրտով չեն, քանի որ վերացնում են այդ պաշտոնը, և թեև նոր կառավարման մոդելում կա վարչապետի կարգավիճակը, սակայն դա ամենևին նախագահի կարգավիճակ չէ, քանի որ ուղիղ մանդատ չէ, ենթակա է խորհրդարանական մեծամասնության, խաղաղ պայմաններում չունի Գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակ, ինչը գերկարևոր ֆունկցիա է Հայաստանի համակարգի պայմաններում, ինչն էլ ըստ էության նշանակում է, որ չունի ազդեցություն ուժային սեգմենտի վրա:
Այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Առաջին դեմք դե ֆակտո գոյություն չունի, գոյություն ունի բազմակենտրոն իշխանական համակարգ: Բնականաբար, Հովիկ Աբրահամյանն իր հավակնություններով պետք է որ դեմ լիներ այդ փոփոխություններին, ինչն էլ Սերժ Սարգսյանի համար ռիսկեր էր առաջ բերում, որ Աբրահամյանը կարող էր ուղղակի որևէ գործարքի գնալ սահմանադրական փոփոխությունների դեմ և՛ ընդդիմադիր, և՛ ներիշխանական այլ ուժերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը ևս ունի Առաջին դեմքի կարգավիճակի վերադառնալու հույսեր, ու սաբոտաժով տապալել փոփոխությունները:
Նշանակելով Հանրաքվեի շտաբի պետ՝ Սերժ Սարգսյանը այդ տապալման դե յուրե պատասխանատու է դարձնում Հովիկ Աբրահամյանին՝ համակարգում դրանից բխող հետևանքներով: Շատ հավանական է, որ Աբրահամյանը փորձում էր հնարավոր բոլոր միջոցներով դիմադրել և անել այնպես, որ Սարգսյանը իր վրա չթողնի հանրաքվեի պատասխանատուի կարգավիճակը: Բայց ահա ամիսների լռությունից հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ հանրաքվեին ունենալու է իր մասնակցությունը, ու դա հարց չէ:
Այսինքն՝ Աբրահամյանն ինքն է պատասխանատվությունը ստանձնում՝ դեռ որևէ կարգավիճակ չստացած: Ըստ էության, այլևս էական էլ չէ երևի թե, թե ինչ կարգավիճակ կստանա նա: Էականը դրսևորումն է, որ տեղի է ունենում շատ հետաքրքրական մի ժամանակահատվածում: Հովիկ Աբրահամյանը հանրաքվեի համար «կամավոր է գրվում» Արա Աբրահամյանի քաղաքական հայտից հետո, որը բուռն աժիոտաժ է առաջացրել իշխանական համակարգում: Եթե սրան գումարվում է նաև այն, որ էլցանցերի վաճառքի արդյունքում բավական ամուր քաղաքական դիրքերի է դուրս գալիս նաև Կարապետյան «եղբայրությունը», ակնհայտ է դառնում, որ Հովիկ Աբրահամյանը ստանում է չափազանց ուժեղ մրցակիցներ՝ իշխանությունը բաժանելու հարցում: Եվ այս իրավիճակում նա ոչ միայն Առաջինը դառնալու հույսերը կկորցնի, այլև ըստ էության ընդհանրապես համակարգում առաջիններից մեկը մնալու:
Եվ ահա այս ուժեղ մրցակիցների հայտերը, որոնք միգուցե ներկայացվել են ոչ առանց Սերժ Սարգսյանի գիտության ու մասնակցության, ըստ էության Հովիկ Աբրահամյանին ստիպեցին կամավոր պատասխանատվություն ստանձնել «Այո»-ի համար, այսինքն՝ հրապարակավ պատասխանատու դառնալ Սերժ Սարգսյանի խաղի համար:









































