Քյոլնում ոստիկանությունը ձերբակալել է վարորդի, որի արյան մեջ գրանցվել է ալկոհոլի ռեկորդային մակարդակ՝ 4.8 պրոմիլ: Այս մասին հաղորդում է dpa-ն:
Տղամարդուն կանգնեցրել էին ապրիլի 7-ի վաղ առավոտյան՝ հայտնում է Քյոլնի Report-K ինտերնետ-պարբերականը:
45-ամյա վարորդը գրավել էր ոստիկանների ուշադրությունը մեքենան «անվստահ» վարելու պատճառով: Չնայած ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին, վարորդը շարունակել էր վարել մեքենան: Սակայն նրան ավելի ուշ կանգնեցրել են ու հաստատելով ուժեղ ալկոհոլային հարբածություն՝ խլել վարորդական իրավունքը :
Ոստիկանների գնահատմամբ՝ տղամարդը կարողացել է կողմնորոշվել տարածության մեջ ու բժշկական օգնության կարիք չի զգացել:
Ավելի քան 4 պրոմիլ ալկոհոլի դեպքում մարդու մոտ կարող է առաջանալ շնչառության ու սրտի կանգ, ինչը, բնականաբար, կհանգեցնի մահվան:
Գերմանիայում ալկոհոլի պարունակության առավելագույն մակարդակը 0.5 պրոմիլ է:
Խախտման համար նախատեսվում է մինչև 3 հազար եվրո տուգանք, մի քանի ամսյա կամ որոշ դեպքերում՝ մի քանի տարվա վարորդական իրավունքի զրկում:
1.1 պրոմիլից ավելի ալկոհոլ օգտագործելու դեպքում խախտում կատարած անձը կարող է դատապարտվել ազատազրկման:









































