Ամերիկացի փոփ-երգչուհի Մադոննան Մալավիում ստուգումներ է անցկացրել իր կողմից ֆինանսավորվող 10 դպրոցներում: Երգչուհին արդեն հեռացել է այդ աֆրիկյան երկրից՝ այնտեղ անցկացնելով գրեթե 1 շաբաթ՝ հաղորդում է AP-ն:
Նրա գալուստը հաջորդեց Մալավիի կրթության նախարար Եունիս Կազեմբեի հայտարարությանը: Նրա խոսքով՝ Մադոննան կառուցել է ոչ թե 10 դպրոց, այլ 10 դասարան՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Մադոննայի ներկայացուցիւչ Թրևոր Նիլսոնն իր հերթին նկատել է. որ «դպրոցները կառուցվել են Մալավիի ազգային չափանիշներին համապատասխան»: Նրա խոսքով՝ գլխավորն այն է, որ «4800 երեխաներ գնացել են դպրոց՝ սովորելու»:
Սա առաջին թյուրիմացությունը չէ Մալավիի իշխանությունների հետ, որտեղից նա մի քանի տարի առաջ 2 երեխա էր որդեգրել:
2010թ. փոփ-երգչուհին ծրագրել էր 15 մլն դոլարով ստեղծել աղջիկների ակադեմիա, սակայն նախագծի վատ կառավարման պատճառով որոշեց կենտրոնանալ դպրոցների վրա:
«Ես կրթություն եմ ուզում տալ հազարավոր, այլ ոչ թե հարյուրավոր աղջիկների»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, աֆրիկացիները 3.8 մլն դոլար են վատնել շքեղ ավտոմեքենաների, անշարժ գույքի ձեռք բերման և այլնի վրա:
Իր որդեգիր երեխաների՝ Դևիս Բանդայի ու Մերսի Ջեյմսի, ինչպես նաև իր հարազատ երեխաների՝ Ռոկկոյի ու Լուրդեսի հետ Մադոննան այցելել է նաև մանկական հիվանդանոց, որի հովանավորն է, և մանկատուն:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Մալավին Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից է, որտեղ 13 մլն բնակչության 39%-ը ապրում է օրական 1 դոլարից էլ քիչ գումարով:









































