ԱՄՆ-ում այս տարի մահապատժի է ենթարկվել արդեն 24-րդ հանցագործը։ Տեխաս նահանգի իշխանությունները մահապատժի են ենթարկել հանցագործին, ով դատապարտվել էր 2001 թվականին հրազենի կիրառմամբ ոստիկանի սպանության համար՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Դատավճիռն իրականացվել է մահացու ներարկման միջոցով։ Սա ԱՄՆ-ում՝ այս տարվա 24-րդ, իսկ Տեխասում 12-րդ մահապատիժն է։
33-ամյա Լիչո Էսկամիլյան դատապարտվել էր բարձրագույն պատժի այն բանի համար, որ 15 տարի առաջ գիշերային ակումբից դուրս գալիս կռիվ է սկսել և հրազեն կիրառել 4 ոստիկանի դեմ։ Իրավապահներից մեկը երկու կրակոցով սպանվել է, երկրորդը ծանր վիրավորվել։ Հանցագործը մահապատժի էր դատապարտվել 2002 թվականի հոկտեմբերին։
Նրա փաստաբանները փորձել են հասնել պատժի մեղմացման՝ այն հիմնավորմամբ, որ նա կրակել է ոստիկանների վրա, ովքեր չեն գտնվել ծառայողական պարտականությունների կատարման մեջ։
Ընդհանուր առմամբ պատժի այդ տեսակը թույլատրված է ամերիկյան 31 նահանգներում։








































