Արդեն երկու օր է՝ ֆրանսահայ անվանի ազգաբան և էաբան Ալեքսանդր Արորդի Վարպետյանը, ով ապրիլի 4-ին Ստամբուլից իր պոլսահայ ծանոթի հետ ժամանել է Երևան, մնացել է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում: Սահմանապահ ծառայության աշխատակիցներն արգելել են նրա տեղաշարժը ՀՀ-ում, ասելով, որ նա Հայաստանի անվտանգության և հասարակական կարգի համար մեծ վտանգ է հանդիսանում:
«Հայկական ժամանակը» գրում է, որ չի բացառվում, որ ապրիլի 7-ին Վարպետյանը, որը հայրենիք էր ժամանել իր ծննդյան 70-ամյակը նշելու համար, ստիպողաբար լքի Հայաստանը: Երեկ գիշերը Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Ռուբիկ Հակոբյանը մեկնեցին օդանավակայան՝ բանակցություններ վարելու: Սակայն, ինչպես «ՀԺ» հետ հեռախոսազրույցում ասաց տիկին Փոստանջյանը, սահմանապահները պատգամավորների հետ չեն շփվում, պատասխանատու որևէ անձ չի ներկայանում: Իսկ օդանավակայանում ծառայություն տանող ոստիկանները պատգամավորներին ասել են, որ միգուցե առավոտյան հնարավոր լինի մեկնումեկի հետ կապ հաստատել: Վարպետյանի հետ նույնպես տեսակցություն չի կայացել: Առաջացած խնդրի կապակցությամբ արդեն բաց նամակ է հղվել Սերժ Սարգսյանին, չնայած արձագանքի շանս գրեթե չկա, քանի որ Վարպետյանի մուտքը Հայաստան արգելվել է դեռևս 2002 թվականից:
Ալեքսանդր Վարպետյանն իր ողջ կյանքը զբաղվել է հայագիտությամբ: Նա ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում, արմատները Խոյից և Սասուն-Բիթլիսից են: 1948-ին ներգաղթել է Հայաստան, 1975-ին կրկին վերահաստատվել Մարսելում: Հեղինակ է «Ովքե՞ր են, ի վերջո, արիացիները», «Էություն», «Ազգային խաչբառ, կամ ու՞մ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը» և այլ աշխատությունների: Բավականին հարուստ կենսագրություն ունեցող Վարպետյանին 2004թ. Ամերիկայի կենսագրական ինստիտուտը (ABI) ներկայացրել է «21-րդ դարի մեծ մտածողները» շարքում, իսկ 2006-ին հռչակել՝ «21-րդ դարի մեծագույն հանճարներ»-ից մեկը:
Վարպետյանի «ֆեյսբուք»-յան էջում կարդում ենք, որ 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայապահպան Նախաձեռնությունների Համակարգման Խորհուրդը (ՀՆՀԽ) կազմակերպել էր ստորագրահավաք և դիմել Սերժ Սարգսյանին: Իսկ մշակույթի նախարարությունն իր 7.02.2013թ. գրությամբ չի առարկել «Ա.Վարպետյան-70» հոբելյանական միջոցառմանը: «Լռությունը ընդունելով որպես համաձայնության ակնարկ, մեզ մնում է ուղղակիորեն ժամանել հայրենիք, ինչը պատրաստվում ենք անել սույն թվի ապրիլի 4-ի առավոտյան: Առավել ևս, որ ՀՀ կառավարության 04.10.2012թ. 1255-Ն որոշմամբ 10.01.2013 թվից հանված է Հայաստան Շենգենյան գոտու երկրների քաղաքացիների մուտքի վիզայի պահանջը, ինչը նաև մեր պարագան է»,- գրում է Ֆրանսիայի քաղաքացի Վարպետյանը: Սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, չնայած գիտնականը հատուկ ընդգծել էր, որ իր այցելության ժամանակը բացարձակապես կապ չունի ակնկալվող քաղաքական միջոցառումների և իրադարձությունների հետ:










































