ՀԱՄԱՍ շարժման մարտական թևը, որը նախկինում աջակցում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, այժմ անցել է նրա դեմ կռվող ապստամբների կողմը և զբաղվում է նրա ռազմական նախապատրաստությամբ: Այս մասին հայտնում է բրիտանական The Times-ը՝ հղում անելով իրազեկ արևմտյան դիվանագետների շարքում գտնվող աղբյուրին:
Թերթի տեղեկություններով՝ ՀԱՄԱՍ-ի մարտական թևը մարզում է Սիրիայի ազատ բանակի ապստամբներին Դամասկոսից արևելք ընկած տարածքներում, մասնավորապես՝ Յալդա, Ջարամանա և Բաբիլա քաղաքներում:
Բացի այդ,շարժման ակտիվիստները իբր սիրիացիներին սովորեցնում են ստորգետնյա թունելներ փորել, ինչը կօգնի ապստամբներին Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնի համար պայքարում: Պաղեստինցիները ստորգետնյա թունելներ փորելու մեծ փորձ ունեն, քանի որ դրանք ակտիվորեն կիրառվում են Գազայի հատվածում՝ Եգիպտոսից ապրանքների մաքսանենգության և Իսրայելի այս կամ այն թիրախի վրա հարձակման համար:
Որոշ տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի մի քանի հարյուր անդամ Սիրիայի ազատ բանակի ուժերի հետ մասնակցել է Հալեպի և Դամասկոսի համար մարտերում:
Ինչպես նշում է The Times-ը, ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման փոփոխումը նշանակում է, որ շարժումը վերջնականապես անցել է Կատարի հովանավորչության տակ: Համարվում է, որ հենց այդ երկրի իշխանություններն են զգալի աջակցություն ցուցաբերում ապստամբների որոշ խմբերի:
Լիբանանում տեղակայված շարժման ղեկավարությունը հերքում է համագործակցությունն ապստամբների հետ: «Մենք չենք միջամտում Սիրիայի ներքին հակամարտությանը: Մեր շարժման անդամները, որոնք գտնվում են այնտեղ, սովորական խաղաղ բնակիչներ են, սիրիացի պաղեստինցիներ, որոնք այնտեղ բնակվում են իրենց ընտանիքների հետ»,- ասել է շարժման ներկայացուցիչ Օսամա Հեմդանը:








































