Ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ ապագայում ծրագրում է զբաղեցնել Ռուսաստանի նախագահի աթոռը:
Այս մասին նա հայտարարել է ապրիլի 4-ի երեկոյան Дождь հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Դյադկո-3» (Дзядко-3) ծրագրի շրջանակում:
Մեկնաբանելով իր դիրքորոշումը՝ Նավալնին հայտարարել է, որ «ցանկանում է փոխել կյանքը երկրում»: Նա ընդգծել է, որ ցանկանում է հասնել նրան, որ բնական ռեսուրսներով հարուստ Ռուսաստանի բնակիչները ապրեն ոչ թե «աղքատության ու անհույս թշվառության մեջ», այլ «նորմալ՝ ինչպես բոլոր եվրոպական երկրներում»:
Նա նաև հայտնել է, որ չնայած իր դեմ հարուցված քրեական գործին՝ ինքը մտադիր չէ հեռանալ Ռուսաստանից:
Նավալնին ընդգծել է, որ ապագայում ձգտելու է հասնել «Պուտինի, Ռոտենբերգի, Տիմչենկոյի և այլոց» քրեական հետապնդմանը: «Մենք երբևէ կհաղթենք ու այդ ժամանակ նրանց կնստեցնենք»,-ասել է բլոգերը:
Ներկայում Նավալնին ընդգրկված է «Կիրովլեսի» քրեական գործում և մեղադրվում է Կիրովի մարզից 16 մլն ռուբլի հափշտակելու մեջ:
Անձամբ Նավալնին ավելի վաղ մեկ անգամ չէ, որ իր դեմ հարուցված քրեական գործը կապում է իր քաղաքական հայացքների հետ:







































