Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) վերջապես հետքայլ կատարեց: YSK-ն միաձայն որոշմամբ չեղյալ հայտարարեց հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) 7 անկախ թեկնածուների մասնակցության վրա օրեր առաջ իր դրած վետոն:
Բացի այդ, վետո էր դրվել նաև 5 այլ անկախ թեկնածուների վրա, սակայն նրանցից մեկի դեպքում նույնպես բացառություն է արվել:
Հիշեցնենք, որ YSK-ի վետոյի պատճառով Թուրքիայի հարավ-արևելյան նահանգները (և ոչ միայն) վերածվել էին մարտադաշտի: Այս որոշումը շատ կարևոր էր վարչապետ Էրդողանի համար, քանի որ երկրում ընթացող թուրք-քրդական բախումները սպառնալիքի տակ էին դնում նրա` երկիրը ղեկավարելու ունակությունները, հետևաբար նաև՝ վարկանիշը:
Կարելի է կարծել, որ YSK-ն հետքայլ է կատարել հենց Էրդողանի գործադրած ճնշման պատճառով: Զուր չէ, որ թուրքական ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանին կնքել է «երկրի գլխավոր դատախազ» մականվամբ:









































