Լիբանանի հյուսիսում ձեռք բերված կրակի դադարեցման ռեժիմը մեկ օր էլ չի տևել: Զորքերի մուտքը ալաուիների Ջեբել- Մոհսեն անկլավ, որը ծրագրված էր մարտի 23-ին, ձախողվել է նռնականետերի և գնդացիրների օգտագործմամբ կատաղի փոխհրաձգության պատճառով: Ինչպես հայտնում է «Նահարնեթ» գործակալությունը, լիբանանցի զինծառայողները կրակ են բացել սուննիական Բեբ-Տաբանա թաղամասի վրա, որտեղից կրակել են զինված իսլամիստները:
ITAR-TASS-ի տեղեկություններով՝ դիպուկահարների գնդակից 3 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 4-ը տեղափոխվել են հիվանդանոց: Լիբանանի հյուսիսային մայրաքաղաքը մնում է պայքարի վտանգավոր օջախ՝ հարևան Սիրիայում իրադարձությունների պատճառով, սակայն իրադրությունն այնտեղ սաստկացել է վարչապետ Նաջիբ Միքատիի հրաժարականից հետո:
Նախագահական պալատում ելույթ ունենալիս Միքատին ընդգծել է, որ հույս ունի իր պաշտոնաթողությամբ արագացնել լիբանանյան քաղաքական առաջնորդների միջև երկխոսության վերսկսումն ու ազգային փրկության կառավարության ձևավորումը:
Ինչպես սպասվում է՝ խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցությունները կսկսվեն նախագահ Միշել Սուլեյմանի՝ ԱՊԼ գագաթնաժողովից վերադառնալուց հետո: Գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 26-27-ը՝ Դոհայում: Վարչապետի պաշտոնի հիմնական թեկնածուն ֆինանսների նախկին նախարար Մուհամմադ Սաֆադին է:Նշենք, որ համաձայն կրոնական կազմի՝ Լիբանանում նախարարի կաբինետը պատկանում է սուննի մուսուլմաններին:










































