Սահմանադրական բարեփոխումների թեմայով Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպունից դժգոհ են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպումից բավարարված չէ, թեպետ հնարավորություն է ունեցել բարձրաձայնել հուզող հարցերից մի քանիսը: «Հարցեր կային, որոնց Վենետիկի հանձնաժողովի անդամները խուսափում էին պատասխանելուց, շատ հարցեր կային, որ Վենետիկի հանձնաժողովի անդամներն ասում էին՝ Ձեր խնդիրն է, մենք այդ հարցերին չենք կարող պատասխանել: Իմ անձնական կարծիքով՝ ազատ երկխոսություն չեղավ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Ընդհանուր առմամբ, Շարոյանը նշեց, որ իրենք դրական են գնահատում այն հանգամանքը, որ Ազգային ժողովում տեղ է հատկացվելու նաև ազգային փոքրամասնություններին: «Ինձ հետաքրքրում էր՝ արդյոք դա կիրագործվի՞, որովհետև դա ընտրական օրենսգրքով պետք է կարգավորվի՝ ինչքան տեղ է հատկացվելու, ինչպես է լինելու: Ես այդ հարցը բարձրացրի հանդիպման ընթացքում, ինձ ասացին, որ հստակեցումներ կլինեն: Արդյոք կհասցնե՞ն նաև ընտրական օրենսգրքում փոփոխություններ անել՝ դեռ պարզ չէ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Նա նշում է նաև, որ նոր Սահմանադրության 54-րդ հոդվածը նախատեսում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների լեզվի, կրոնի, մշակույթի պահպանման և զարգացման իրավունք: Դա, ըստ նրա, թերի ձևակերպում է և հստակ պատկերացում չի տալիս: «Կցանկանայինք, որ այդ հոդվածը լրացվեր այնպես, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները գործադիր, դատական և օրենսդիր մարմինների համակարգում ներգրավվելու երաշխիքները օրենքով սահմանվեն: Փոքրիկ հանրապետություն է, ինչ կատարվում է՝ համարյա բոլորս էլ գիտենք՝ մենք բոլորս էլ չենք կարող հերքել, որ ազգային փոքրամասնություններն այսօր ընդգրկված չեն պետական ապարատներում: Այդ նորմը եթե օրենքով սահմանվի, ինձ թվում է՝ մեզ հնարավորություն կտա, որ մենք օրենսդիր, գործադիր և իշխանության մյուս մարմիններում ներկայացված լինենք»,- ասաց ազգային փոքրամասնության ներկայացուցիչը:









































