Նյու Յորքի իշխանությունները իրավապահների նոր ստորաբաժանում կստեղծեն հատուկ ԱՄՆ Թայմս Սքվեր հրապարակի պարեկության համար: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է քաղաքի ոստիկանական վարչության ղեկավար Ջեյմս Օ’Նիլը:
Նրա խոսքով՝ մինչև աշուն հրապարակում կարգը կպահպանի 100 իրավապահ: Նրանց պարտականությունների մեջ կլինի, մասնավորապես, Թայմս Սքվերում կամ դրա մոտակայքում գտնվող խանութների տերերի հետ հարաբերությունների պահպանումը: «Դա բնական է: Թայմս Սքվերը կարևոր անշարժ գույքի օբյեկտ է Նյու Յորքում: Պետք է ուշադրություն դարձնել նրան, ինչ կատարվում է այնտեղ»,- ասել է Օ’Նիլը:
Տեղի ԶԼՄ-ները նշում են, որ նոր ստորաբաժանման ստեղծումը Նյու Յորքի ղեկավարության պատասխանն է վերջին ամիսներին հաճախացած բողոքներին, որ հրապարակում չափազանց շատ մարդ է հավաքվում, որոնք ֆանտաստիկ կերպարներով կամ գրեթե մերկ լուսանկարվում են զբոսաշրջիկների հետ, իսկ հետո համառորեն նրանցից դրա համար փող են խնդրում: Քաղաքի իշխանությունները օգոստոսի 21-ին հրահանգել են հատուկ հանձնաժողով ստեղծել, որը պետք է որոշի՝ ինչպես այդ մարդկանց հեռացնել Թայմս Սքվերից:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն բազմիցս հանդես է եկել վաստակելու այդպիսի միջոցի դեմ՝ նշելով, որ ավելորդ մերկությունն ու մուրացկանությունը քաղաքի գլխավոր հրապարակում վախեցնում են զբոսաշրջիկներին և խանգարում կոմերցիային:









































