Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ ներգաղթյալների իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆրանսուա Կրեպոն դատապարտել է Եվրոպայում ներգաղթի ներկայիս ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ԵՄ-ի քայլերը։
Կրեպոն ընդգծել է, որ այդ քայլերը չեն աշխատում։ Նա ԵՄ-ին կոչ է արել տվյալ ոլորտում մշակել մարդու իրավունքների վրա հենված, համաձայնեցված ու համապարփակ քաղաքականություն, ինչը մասնավորապես կնախատեսի ներգաղթյալների ինտեգրման միջոցառումներին ներդրումների կատարում։
Կրեպոյի խոսքով՝ հարցի լուծում չեն արգելապատնեշների կառուցումը, ներգաղթյալների ու ապաստան խնդրողների համար արցունքաբեր գազ և բռնության այլ ձևեր կիրառելը, ձերբակալությունները և այլն։ Նա հավելել է, որ տարածքային ինքնիշխանությունն ամենևին չի նշանակում, որ սահմանները պետք է փակվեն ներգաղթյալների առջև։








































