ԶԼՄ-ները սիրում են առաջին հերթին լուսաբանել սպանությունների, բնական աղետների մասին լուրերը` հետևում թողնելով դրական լուրերը: Սոցիալական ցանցերում լուրերի տարածման շարժի վերաբերյալ նոր հետազոտությունը ստիպում է կասկածել նման մոտեցման իրավացիությանը:
Նեյրոկենսաբանները և հոգեբանները մեծ աշխատանք են կատարել. հետազոտության ընթացքում նրանք ուսումնասիրել են մասնակիցների ուղեղի իմպուլսները, վերլուծել նրանց էլեկտրոնային փոստը և սոցիալական ցանցերում կատարած գրառումները: Հետազոտությունը ցույց է տվել, որ համացանցում լավ նորությունները կարող են ավելի արագ տարածվել, քան վատերը՝ հաղորդում է The New York Times-ը:
«Երբ ԶԼՄ-ները լուրեր են ընտրում, նրանք ցանկանում են գրավել լսարանի ուշադրությունը, նրանց համար միևնույն է, թե ինչ է այն զգում: Երբ սոցիալական ցանցերում մարդիկ իրենց ընկերների հետ կիսվում են ընթերցած լուրով, նրանք նախընտրում են դրական հաղորդագրությունները, քանի որ հաշվի են առնում իրենց ընկերների արձագանքը: Քչերն են ցանկանում երևալ դեպրեսիվ և փնթփնթան»,- ասել է հետազոտության ղեկավար բժիշկ Ջոն Բերգերը:
Բերգերն իր գործընկերների հետ վերլուծել է, թե մարդիկ ինչպես են կիսվել The New York Times կայքի հոդվածներով: Պարզվել է՝ առավել հայտնիություն են ձեռք բերել «Գիտություն» բաժնի հոդվածները, մասնավորապես այն հոդվածները, որոնք զարմանք են առաջացրել: Ընթերցողները հաճույքով կիսվել են նաև զվարճալի կամ անհեթեթ գրառումներով: Բավականին հայտնի են եղել զայրույթ կամ անհանգստություն առաջացնող նյութերը, սակայն ընթերցողները նախընտրել են չկիսվել այն հոդվածներով, որոնք ուղղակի վրդովեցնող են:









































