«Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանի և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած սկանդալային պատմությունը որոշակի անսպասելի հանգուցալուծում ունեցավ: Ավետիսյանը, որ Հայրապետյանին մեղադրում էր իր հանդեպ բռնության համար, հայտարարել է հաշտության առաջարկն ընդունելու մասին:
Այս հանգուցալուծումն իսկապես անսպասելի էր՝ դատելով այն ֆոնից, որ ձևավորվել էր այս պատմության շուրջ: Ավելին՝ սպասվում էր, որ օգոստոսի 20-ի ՀՀԿ նիստում պետք է քննարկվեր հարցը, և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ որոշում կայացվեր, թե արդյոք պատասխանատվության ենթարկվելո՞ւ է Ռուբեն Հայրապետյանը: Ամենայն հավանականությամբ, որոշումը կրկին կայացվել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պարզապես փոքր-ինչ այլ ֆորմատով, և Հայրապետյանը հարցը, այսպես ասած, չի բերել ՀՀԿ:
Սա իհարկե կարող է մի քանի նշանակություն ունենալ: Մի կողմից՝ գուցե թե Սերժ Սարգսյանը խնայել է Ռուբեն Հայրապետյանին՝ ոչ միայն պատասխանատվության չենթարկելով նրան, այլև, ըստ էության, զերծ պահելով, այսպես ասած, ՀՀԿ-ի առաջ «բացատրություններ» տալու անհրաժեշտությունից: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը երևի թե փորձել է ցույց տալ, որ նման պատմություններ կարող է հանգուցալուծել առանց ՀՀԿ-ի միջատության և լիովին ի զորու է միայնակ տիրապետել սկանդալային իրավիճակներին: Ավելի հավանական է թվում սակայն այն, որ Սերժ Սարգսյանի համար միջադեպը, այսպես ասած, չպլանավորված է, խանգարող՝ հատկապես ներկայիս իրավիճակում, և նա պարզապես որոշել է մեկընդմիշտ վերջ դնել դրա հետագա ծավալմանը, որի ամենահարմար ձևն էլ եղել է հաշտությունը: Միևնույն ժամանակ, սակայն, անկասկած է, որ նման պատմությունները իշխանական համակարգում չեն կարող անցնել անհետևանք, առավել ևս երբ դարձել են հանրային սեփականություն:
Ավելորդ է ասել, թե պատմության ինչ մանրամասներ կարող են եղած լինել, այսպես ասած, համակարգային սեփականություն, իքս պահին հրապարակ նետվելով այս կամ այն ներիշխանական կամ ներհամակարգային շահերից ելնելով, առնվազն նոր աղմուկի և այդ աղմուկի ֆոնին նվազագույն դիվիդենտներ քաղելու համար: Առավել ևս, որ Ռուբեն Հայրապետյանը իշխանական համակարգի այն կերպարներից է, որոնք առանձնապես աչքի չեն ընկնում ավելորդ դիվանագիտությամբ և ներքին իշխանական դիրքորոշումներում հանդես են գալիս ոչ թե «լողացող կուրսի», այլ հաստատուն դիրքավորմամբ՝ Սերժ Սարգսյանի թիմում: Համենայն դեպս՝ մինչև այսօր: Եվ այն, որ Սերժ Սարգսյանը որոշել է հարցը հանգուցալուծել նման տարբերակով, վկայում է, որ նա առայժմ մտադիր չէ Հայրապետյանին իր թիմից դուրս տեսնել: Սա էլ իր հերթին նշանակում է, որ տեղի ունեցածը, ամենայն հավանականությամբ, փորձ կարվի օգտագործել ներիշխանական այլ թիմերի կողմից առաջիկա զարգացումներում, որոնցում անկասկած գլխավոր ինտրիգները պարփակված են հենց իշխանական համակարգում հարաբերությունների պարզաբանման և դիրքային պայքարի շրջանակում:
Ասել կուզի՝ գուցե հաշտվել են Հայրապետյանն ու Ավետիսյանը, սակայն հազիվ թե իշխանական համակարգը հաշտված լինի այդ հանգուցալուծման հետ, և, ըստ էության, ֆուտբոլային լեզվով ասած՝ ոչ ոքի է ավարտվել առաջին խաղակեսը: Միայն թե, ի տարբերություն ֆուտբոլի, հայտնի չէ, թե ում սուլիչով և երբ է սկսվելու երկրորդ խաղակեսը:










































