Այսօր Վատիկանի սուրբ Պետրոս հրապարակում կայացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, 76-ամյա արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն ընտրվել է Հռոմի 266-րդ պապ կոնկլավի քվեարկության հինգերորդ փուլում, որը մարտի 12-13-ը կայացել է Առաքելական պալատի Սիքստինյան կապելայում: Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ պոնտիֆիկ է դարձել ոչ եվրոպացի, այլ ջիզվիթ, ով առաջինն է ստանձնել Ֆրանցիսկոս պապական անունը:
Նորընտիր Պապը, ով հասցրել է աշխարհին զարմացնել շփման պարզությամբ և հրաժարվել է շքեղության ցանկացած դրսևորումից, հավատարիմ է մնացել իր սկզբունքներին: Երդմնակալության արարողության սկսվելուց առաջ Ֆրանցիսկոսը սպիտակ բաց ջիպով շրջել է սուրբ Պետրոս հրապարակով` ողջունելով հավատացյալների բազմահազարանոց բազմությանը:
Նոր պոնտիֆիկը չի օգտագործել փակ զրահապատ մեքենա, որով հրապարակում հայտնվել են Հռոմի նախորդ պապերը` Հովհաննես Պողոս 2-րդը և Բենեդիկտոս 16-րդը:
Նախկինում երբեք այնպես չի պատահել, որ միջոցառման ժամանակ Հռոմի պապը դուրս գա իր մեքենայից: Սակայն այս անգամ Ֆրանցիսկոսը դուրս է եկել մեքենայից` հաշմանդամ տաղամարդուն գրկելու և օրհնելու համար: Բացի այդ, ավտոմեքենան մի քանի անգամ կանգնել է, որպեսզի Պապն օրհնի և համբուրի փոքրիկ երեխաներին:
Արարողության ընթացքում Ֆրանցիսկոսին հանձնվել են Հռոմի պոնտիֆիկի գերագույն իշխանության խորհրդանիշները:









































