Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
Բողոքի նոտայի հղումը կապված է այն բանի հետ, որ արաբ դիվանագետը խախտել է երկրի ներքին օրենքները՝ գերազանցելով սահմանված թույլատրելի արագությունը, ինչի հետևանքով Իրանի քաղաքացի է մահացել: Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանպարաստը:
Նրա խոսքով՝ դեպքը հետաքննվում է ինչպես դատական կարգով, այնպես էլ դիվանագիտական ուղիներով:
Նշենք, որ անսթափ դիվանագետը գերազանցել էր արագությունը և ավտոմայրուղու վրա կորցրել մեքենայի կառավարումը: Այնուհետև նա հարվածել էր առջևից ընթացող Ford Festiva-ին: Հարվածի հետևանքով վերջինս բախվել էր ճանապարհամերձ սյանը: Վթարի հետևանքով վարորդը մահացել էր, ևս մեկ մարդ վնասվածքներ ստացել:









































