Պետական գնումների ոլորտում առկա շատ խնդիրներն են խանգարում երկրում մրցակցային միջավայրի ձևավորմանը: Այսօր նման գնահատական տվեց Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Արկադի Սահակյանը՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հայաստանում Ամերիկայի առևտրային պալատի կազմակերպած մրցակցային խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ:
Նա նշեց, որ դեռ 1 տարի առաջ՝ փետրվարին, ԻՏՁՄ-ն մշակել և կառավարությանն էր ներկայացրել ոլորտի խնդիրները, սակայն դրանք առայժմ լուծում չեն ստացել, իսկ դրանց պատճառով տուժում են հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունները:
ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) ներկայացուցիչ Ջոն Դանսը հայտարարեց, որ իրենք զբաղվում են նաև շուկայի մրցակցային խնդիրներով, և պետգնումների աջակցության կենտրոնի հետ համատեղ ներկայում մշակվում է պետական գնումները փոքր ու միջին ձեռնարկությունների համար առավել մատչելի դարձնելու հարցը, և դրան կնպաստի ԵՄ օրենսդրությանը ՀՀ օրենսդրական ակտերի մոտարկումը:







































