Արժույթի միջազգային հիմնադրամն առաջին լիարժեք գնահատականն է տվել ԵՄ ֆինանսական ոլորտի կայունության վերաբերյալ: ԱՄՀ-ի գնահատականով՝ Եվրոպային հաջողվել է որոշակի հաջողությունների հասնել, սակայն եվրոպական բանկերը, ինչպես նախկինում, մնում են բավականին խոցելի: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Պատմության մեջ ԵՄ 27 երկրների ֆինանսական համակարգի առաջին ուսումնասիրության մեջ ԱՄՀ-ն մատնանշել է «Եվրոպայում ֆինանսական ճգնաժամի հետևանքների դեմ պայքարում որոշակի առաջընթաց»:
Մասնավորապես, խոսքը բանկերի սեփական կապիտալների մակարդակի բարձրացման, ինչպես նաև միասնական բանկային վեահսկիչ մարմնի ստեղծման ուղղությամբ եվրոպական իշխանությունների ակտիվ քայլերի մասին է:
Միևնույն ժամանակ հիմնադրամում կարծում են, որ եվրոպական տնտեսության թույլ վիճակը (համաձայն կանխատեսումների՝ ռեցեսիան կշարունակվի նաև 2013 թվականին), ամենայն հավանականությամբ, կբերի բանկերի վարկային պորտֆելների հետագա կորուստների:
ԱՄՀ-ն ենթադրում է, որ տարածաշրջանի տնտեսության թույլ վիճակի և ֆիսկալային ծախսերի կրճատման միջոցառումների համատեքստում ԵՄ ֆինանսական համակարգի համար ռիսկերը բարձր են մնում:









































