Ռամզան Կադիրովը նոր նշանակում է կատարել Չեչնիայի կառավարությունում. նախարար է դարձել Արբի Տամաևը, որի հետ հանրապետության ղեկավարը ծանոթացել էր Instagram ֆոտոծառայության միջոցով: Այդ մասին Կադիրովը հայտնել է իր օգտահաշվում՝ այնտեղ տեղադրելով իր, Տամաևի և Չեչնիայի վարչապետ Աբուբաքար Էդելգերիևի հանդիպման լուսանկարը:
Տամաևը կզբաղվի կառավարության և հասարակության միջև փոխգործակցության կազմակերպմամբ:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում նշվում է, որ քաղաքացիական հասարակության հետ կառավարության կապերի կազմակերպման նախարարի պաշտոնը Չեչնիայի կառավարությունում հայտնվել է այս շաբաթ: Նոր գերատեսչությունը կզբաղվի սոցիալական, տնտեսական և մշակութային հարցերով բնակչության և գործադիր իշխանության համագործակցության համակարգմամբ:
Մարտի 14-ին Կադիրովը հանդիպել է Instagram-ի օգտատերերի հետ: Չեչնիայի նախագահն ակտիվորեն օգտվում է այդ հավելվածից, նրա օգտահաշվի բաժանորդների թիվը գերազանցում է 74 հազարը:










































